Քաղաքային տրանսպորտ

Պրահան շատ հարմարավետ քաղաք է այն առումով, որ դուք շատ հեշտությամբ կարող եք կողմնորոշվել  քաղաքում, օգտվելով Մետրոպոլիտենային մեծ ցանցից, ինչպես նաև տրամվայներից ու ավտոբուսներից: Պրահայի հասարակական տրանսպորտից օգտվելիս դուք կհանդիպեք տոմսերի երեք տեսակների` անհատական տոմսեր, փոխանցվող տոմսեր և անցագրեր: Տոմսերը կարող եք ձեռք բերել մետրոյի բոլոր կայարաններում տեղադրված տոմսերի հատուկ ապարատներից կամ լրագրավաճառներից: Եթե դուք պլանավորում եք երկար ժամանակ մնալ Պրահայում, ապա կարող եք ձեռք բերել 24, 48 կամ 72 ժամվա համար նախատեսված տոմսեր: Տոմսը պետք է անմիջապես վավերացվի (դակվի) մետրոյի կայարան, տրամվայ կամ ավտոբուս մտնելիս, որով և կնշվի տոմսի վավերացման ժամանակահատվածի սկիզբը: Այստեղ շատ հաճախ կարելի է հանդիպել թաքնված  տեսուչների, իսկ զբոսաշրջիկներն այստեղ հայտնի թիրախ են, քանի որ շատերը տեղյակ չեն տոմսերի վավերացման անհրաժեշտության մասին:

Տուրիստական անցագրեր

-> 1 օրվա համար  100 ՉԿ, երեխաներ (10 – 15 տարեկան) 50 ՉԿ
-> 3 օրվա համար 330 ՉԿ (+ 1 երեխա 10 –ից  15 անվճար)
-> 5 օրվա համար 500 ՉԿ (+ 1 երեխա 10 -ից 15 անվճար)

Պրահայի մետրոն` ամենաարագ միջոցը Պրահայով տեղաշարժվելու համար: Պրահայի մետրոն շատ մաքուր է և հարմարավետ: Մետրոն աշխատում է առավոտյան ժամը 5:00-ից մինչ երեկոյան ժամը 24:00, իսկ ուրբաթ և շաբաթ օրերին`մեկ ժամ ավելի երկար: Աշխատանքային օրերի ծանրաբեռնված ժամերին գնացքները մեկնում են գրեթե ամեն 3 րոպեն մեկ, իսկ ոչ պիկ ժամերին 5-ից 10 րոպե ինտերվալներով: Պրահայի մետրոպոլիտենի ցանցը բաղկացած է 3 գծից, որոնք նշվում են տառերով և միմյանցից տարբերվում են գույներով (Կանաչ գույն` գիծ A, Դեղին գույն` գիծ B, Կարմիր գույն` գիծ C):

Պրահայի տրամվայները`սա գուցե և մի փոքր ավելի դանդաղ փոխադրամիջոց է, սակայն փոխադրման հրաշալի տարբերակ է, քանի որ դուք ավելի լավ հնարավորություն կունենաք զմայլվել տեսարժան վայրերով: Յուրաքանչյուր տրամվայի կանգառում տրվում է տրամվայի յուրաքանչյուր երթուղիի համար նախատեսված կանգառների ցուցակը և ժամանակացույցը (որը չափազանց ճշգրիտ է): Գիշերային երթևեկությունը ապահովվում է 51-ից 59 համարների տրամվայների կողմից 30 րոպե ինտերվալներով: Գիշերային գծերի համար կենտրոնական հերթափոխի կայարանը Lazarska կանգառն է:

Պրահայի ավտոբուսները` քանի որ Պրահայի մետրոն և տրամվայները շատ լավ են աշխատում, ավտոբուսներից օգտվողներն այնքան էլ շատ չեն: Պրահայի ավտոբուսային ծառայությունը ընդգրկում է հիմնականում քաղաքի ծայրամասային երթևեկությունը և կանոնավոր է: Ավտոբուսներն աշխատում են ամեն օր ժամը 5:00-24:00: Ավտոբուսների ուղեվարձը նույնպես շատ էժան է: Պրահայում կան նաև գիշերային ավտոբուսներ, որոնք սկսում են իրենց գործունեությունը, երբ ցերեկային ավտոբուսները դադարեցնում են աշխատանքը` կեսգիշերից մինչ առավոտյան ժամը 5:00, և աշխատում են 30 րոպե ինտերվալով: Գիշերային ծառայությունն իրականացվում է 501-ից 513 համարների ավտոբուսների կողմից:

Խորհուրդ`անպայման էքսկուրսիա վերցրեք ճոպանուղիով, այստեղ ձեր առջև կբացվեն հոյակապ տեսարաններ Petřín-ի բլուրից: Այստեղ դուք կարող եք օգտագործել նաև Պրահայի տրանսպորտային տոմսերը: Ճոպանուղին աշխատում է հետևյալ երթուղիով` Újezd – Nebozizek – Petrin: Ճոպանուղիի աշխատանքային ժամերն են 9:00-23:30 (ապրիլ ամսից մինչև հոկտեմբեր) և  9:00-23:20 (նոյեմբեր ամսից մինչև մարտ), 10-15 րոպե աշխատանքային ինտերվալներով:

Տաքսիներ`ցավոք սրտի Պրահայում տաքսիների վարորդները չափազանց բացասաբար են ազդում քաղաքի հեղինակության վրա: Սակայն այստեղ այնքան հեշտ և հարմարավետ է օգտվել հասարակական տրանսպորտից, որ դուք կարող եք ուղղակի մոռանալ տաքսիների գոյության մասին: Տաքսիների վճարների հետ կապված հարցերը այստեղ կարգավորվում են քաղաքային իշխանությունների կողմից: 2007 թվականի հունվարի 1-ից Պրահայում գործում է տաքսիների վճարների հետևյալ համակարգը`հիմնական սակագին – 40 ՉԿ, յուրաքանչյուր կիլոմետրի համար 28 ՉԿ, և սպասելու յուրաքանչյուր րոպեի համար 6 ՉԿ: Եթե ցանկանում եք գումար խնայել, ապա տաքսի պատվիրեք որևէ հայտնի ընկերությունից, ինչպիսիք են` AAA Taxi կամ Prague Airport Transfers-ը:

Back to top button